«ԱՄՆ-ը և Իրանը վերջին երկու օրերի ընթացքում ունեցել են արդյունավետ քննարկումներ՝ կապված Մերձավոր Արևելքում մեր հակամարտության լիակատար և վերջնական կարգավորման հետ։ Ես հանձնարարել եմ Պատերազմի դեպարտամենտին հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ նախատեսված բոլոր ռազմական հարվածները հնգօրյա ժամկետով՝ կախված ընթացիկ հանդիպումների և քննարկումների հաջողությունից»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։               
 

Տիրոջ և Չարչու հավերժական բախումը երևանյան մետրոյում

Տիրոջ և Չարչու հավերժական բախումը երևանյան մետրոյում
22.03.2026 | 20:18

2026 թ․ մարտի 22-ի օրվա հերոսուհին աներկբայորեն Արմինե Մոսիյանն էր։ Դուստրը՝ 1993-ին Արցախյան ազատամարտում զոհված, դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի (հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի բարձրագույն շքանշանով)։

Երևանյան սովորական արևագալներից ոչնչով չտարբերվող կիրակնօրյա այս առավոտյան, մետրոյի վագոնում անչափահաս որդու հետ նստած Արմինեն իր և բոլորի համար անսպասելի՝ կամա, թե ակամա, դարձավ հերթական նախընտրական «цирк шапито»-ի՝ իշխանական կուլուարներում հաստատված և «արտադրության իջեցված» սցենարի ոչ միայն սրբագրիչը, այլև գլխավոր խմբագիրը։

«Մատնիք, մարջան, ապարանջան» վաճառող չարչին, արժանի «ապտակ» ստացավ երիտասարդ մորից, երբ սովորության համաձայն փորձեց «սղացնել» 29 800 «քառակուսի կիլոմետրանոց» թուղթն ու դրանով փոխարինել հայի հազարամյակների բնօրրանը։

Փողոցային կրկեսի միակ բեմադրիչն ու գլխավոր դերակատարը հասցրեց արտաբերել նախնական սցենարի միայն առաջին տողը՝ դիմելով փոքրիկին․

- Եղբայր, կարելի՞ ա մի հատ քեզ նվիրեմ սրանից,- ու մեկնեց խաղալիք-քարտեզը։

- Չէ՛, մենք Արցախից ենք, մենք ուրիշ քարտեզ ունենք,- հակադարձեց Արմինեն։

- Բայց ձեր տղան էս քարտեզում ա ապրելու. էդ հաշվի առեք: Մենք չենք թողելու ձեր այդ գաղափարաբանությունը․․․

- Դուք արդեն չեք թողել, որ մենք մեր Արցախում ապրենք, բայց չեք կարող մեզ զրկել մեր Արցախում ապրելու հույսից։

- Մենք ամեն ինչ արել ենք, որ դուք Արցախում՝ Ղարաբաղում ապրեք: 2023-ին դուք էիք մեղադրում ինձ, որ ճանապարհը փակել եմ, որ Ղարաբաղից ժողովուրդը չգա Հայաստան, հիմա եկել եք ստեղ և ասում եք՝ բա մենք ուզում էինք վերադառնայինք... Մենք ՀՀ քաղաքացիների աշխատած միլիարդներն ենք ծախսել, որ դուք էնդեղ մնաք, բա ընչի՞ չեք մնացել,- ճղճղաց անդուր ֆալցետը։

- Բարձր ձայնով չփորձեք խոսել,- արժանապատվորեն սաստեց Արմինեն։

- Կխոսամ տենց, կխոսամ, մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել,- հիստերիկացավ կառավարական «шапито»-ի հտպիտը։- ՈՒ էս քարտեզի մասին տենց քամահրանքով չխոսաք որևէ մեկդ․․․ որևէ մեկդ․․․ որևէ մեկդ․․․

Որքան էլ Արմինեն փորձեց ավարտել զրույցը, չստացվեց։ Հոգեխանգարմունքի նոպայի գիրկն ընկածը, ցուցամատը թափահարելով, ինքնամոռաց շարունակում էր անիմաստ «գրոհը», չնկատելով գլխավորը․ իր համար էլ անսպասելի շրջանառության մեջ դրեց «Արցախցի արժանապատիվ մայրն ու հայրենավաճառ չարչին» վերտառությամբ քաղաքական գինյոլի վերափոխված սիմբիոտիկ սկետչը։

Տեղի ունեցածը պարզապես պատահական հանդիպում չէր, այլ «Երկրի հակառակ կողմը» այլանդակ պոռնոգրաֆիայի բախումը հայ տեսակի ազգային արժանապատվության հետ։

Մետրոյի վագոնի նեղ տարածության մեջ տեղի ունեցավ այն, ինչը հնարավոր չէր հաշվարկել ՔՊ-ական վարչակարգի և ոչ մի կաբինետում։

Բախվեցին երկու բացարձակապես տարբեր «քարտեզներ»։ Մեկը՝ թղթի վրա գծված սահմանափակ ու տկար իրականություն, որով փորձում էին կաշառել ապագան, մյուսը՝ Արմինե Մոսիյանի ներսում պահված Տունը, որի դուռը փակվել է, բայց բանալին մնացել է սրտի տակ։

Այսահարի «փախած» պիտակը ոչ թե վիրավորանք էր, այլ ինքնախոստովանական ցնցում։

«Փախածը» նա է, ով լքել է իր արժեքային առանցքը։ Փախչում է նա, ով վախենում է իր անցյալից, իր տված խոստումներից և իր իսկ ստորագրած մահաբեր թղթերից։

Պատասխանատվությունից փախածը,

սեփական ժողովրդի աչքերին ուղիղ նայելուց փախածը, հայոց պատմության ընթացքից փախածը «փախած» է անվանում հայ ժողովրդի այն հատվածին, որը ցեղասպանությունից փրկվելու համար ժամանակավորապես փակել է իր տան դուռը։

Հոգեբանության մեջ սա կոչվում է պրոյեկցիա, երբ մարդը ներքին ճիվաղին ու սեփական վախկոտությունը վերագրում է դիմացինին։

Արմինեին և ընդհանրապես արցախցիներին նա անվանում է «փախած», որպեսզի լռեցնի իր ներքին ձայնը, որն ամեն վայրկյան հիշեցնում է․ «Դու ստոր դասալիք ես, դավաճանաբար փախել ես այն Հայրենիքից, որը դեռևս քո ձեռքերում էր»։

Իսկ արցախցին չի փախել, նա տարհանվել է՝ իր հետ տանելով տունը, սրբությունն ու հիշողությունը։ Փախստականը նա է, ով ուրանում է իր արմատը՝ հանուն 29,800 քառակուսի կիլոմետր «ապահովության»։

Իսկական «փախածը» նա է, ով հրաժարվում է իր տեսակից՝ հանուն չարչիական քարտեզների։

Փախչում է նա, ով չունի հիշողություն և վախենում է հետ նայել, իսկ Մոսիյանների տեսակը ամեն վայրկյան հետ է նայում՝ ոչ թե կարոտով, այլ Տիրոջ հաստատակամությամբ։ Երբ «Մարտական խաչի» ասպետի դուստրը սաստեց «անդուր ֆալցետը», նա ապացուցեց, որ ազգային արժանապատվությունը «սղացնել» հնարավոր չէ նույնիսկ ամենալավ բեմադրված տրագիֆարսում։

Սա «Երկրի հակառակ կողմը» ներկայացնող պոռնոգրաֆիկ վախերի և Հայրենիքի ոգեղեն ներկայության բախումն էր։

Եվ եթե չարչիների համար Հայաստանը պարզապես սակարկվող քառակուսի կիլոմետրեր է, ապա Արմինեի ու նրա որդու համար վերադարձի հավատն է Արցախ, ուր հարազատների թափված արյուն ու անջնջելի հիշողություններ կան։

Վարագույր։

Տապալվեց հերթական շոուն, որովհետև կրկեսի հտպիտը երբեք չի կարող հաղթել սեփական տան դուռը փակած, բայց բանալին չկորցրած Տիրոջը։

Պատմությունը կմաքրի «շապիտոյի» փոշին, բայց կպահպանի այն վայրկյանի վեհությունը, որտեղ երիտասարդ հայուհի մայրը լռեցրեց մի ամբողջ ստահակավարչախումբ։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ․Գ․

Մարտի 22-ի կիրակին ավարտվեց փաստելով՝

«Հրաժարիմք»՝ սեփական էությունից։

- Բացառված ա, որ ես տենց բան ասեմ,- տեսախցիկների առաջ հայտարարեց տապալված դերակատարը։

Սույն ժխտումով նա կատարեց իր, թերևս, ամենաողորմելի փախուստը՝ փախուստ սեփական խոսքից։

Դասական «չարչիական» հնարք. երբ գնորդը բացահայտում է խաբեությունը, վաճառողը սկսում է պնդել, թե ինքը նման բան չի ասել, կամ դուք սխալ եք լսել։

Բայց մեր ժամանակներում, երբ ամեն մի վայրկյանը ֆիքսված է թվային հիշողության մեջ, նման հրաժարումը ոչ թե արդարացում է, այլ սեփական անձի ինտելեկտուալ սնանկության հաստատում։ Նա փորձում է ջնջել իրականությունը, որովհետև այդ տարածքում ինքը պարտված է։

«Եթե տենց ա ընկալվել... սխալ ա ընկալվել։ Եթե մի բան նենց չեմ ասել՝ ներողություն եմ խնդրում» ձևակերպումը պատասխանատվությունը զոհի վրա գցելու փորձ է և ոչ թե ներողություն։

Հերթական լկտիությունն է թույլ տալիս, որովհետև վկայակոչված ուղիղ խոսքի ենթատեքստում բառացիորեն ասում է․

«Ես ճիշտ էի, դուք եք սխալ հասկացել»։

Բայց ֆալցետով հնչած «փախածներ» բառը հնարավոր չէր սխալ ընկալել, այն հստակ դատավճիռ էր՝ ուղղված մի ողջ ժողովրդի։

Ժամեր անց հնչեցրած «ներողությամբ» փորձում է հրաժարվել իր իսկ պոռթկումից, որովհետև գիտակցել է՝ այդ բառը դարձավ սեփական քաղաքական գերեզմանաքարը։

Այս «Հրաժարիմքը» փաստեց գլխավորը. Չարչին վախենում է իրականությունից։ Նա կարող է հանձնել հողեր, կարող է ուրանալ սրբություններ, բայց երբ բախվում է Արմինե Մոսիյանի պես Տիրոջն ու ստանում «բարոյական ապտակ», նրա միակ փրկությունը սեփական խոսքից հրաժարվելն է։

Իսկական Տերը երբեք չի հրաժարվում իր խոսքից, նույնիսկ եթե դրա համար պետք է վճարի ամենաթանկը։

Իսկ Չարչին հրաժարվում է ամեն ինչից, հենց որ զգում է շահի կորուստը։

«Հրաժարիմքի» ներողությունը «փախածի» վերջնական կապիտուլյացիան էր Արմինեի արժանապատվության առաջ։

Դիտվել է՝ 448

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ